Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստ Երևանում

Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստ Երևանում
24.12.2015 | 11:23

Երեկ Երևանում հանդիպել են Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները՝ հանդիպման օրակարգում ունենալով տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Հանդիպումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերություններին, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է երկու երկրների բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք նպաստում են հայ-իրանական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի Հայաստան այցից հետո ակտիվորեն շարունակվում են համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները: Խոսելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ վարչապետը կարևորել է Երևանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, գործարար կապերի զարգացումն ու բիզնես ֆորումների անցկացումը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Երևանում Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստն ու ստորագրված հուշագիրը՝ ուղղված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
Համիդ Չիթչիանը վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ Երևանում Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը նախաձեռնելու համար: Պարոն Չիթչիանն արդյունավետ է գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական ծրագրերն ու առաջիկա քայլերը:
Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ անցնող տարում շոշափելի քայլեր են իրականացվել հայ-իրանական ծրագրերի ուղղությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների փոխգործակցությունն ու կապերը կնպաստեն նախագծերի արդյունավետ իրականացմանը, տարբեր նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Համիդ Չիթչիանը կարևորել է Երևանում ՀՀ-ի, Իրանի, Վրաստանի և ՌԴ-ի միջև ստորագրված էներգետիկ համագործակցության քառակողմ հուշագիրը, որը լայն հնարավորություններ կստեղծի էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացման համար, կապահովի տնտեսական շահութաբերություն, կնպաստի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանն ու տարանցմանը: Հովիկ Աբրահամյանը և Համիդ Չիթչիանն անդրադարձել են համատեղ ծրագրերի ուղղությամբ ներդրումների ներգրավմանը, Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրին, առևտրաշրջանառության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության և հումանիտար բնագավառներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է նաև Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին: Նա նշել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը և սերտացումը: Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, նրա կարծիքով, նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ էներգետիկ համագործակցության խորացման հարցեր:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստան-Վրաստան 400 կիլովատտ էլեկտրահաղորդման գծի կառուցման, այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը համագործակցության արդյունավետ ձևաչափ է, և քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը: Կողմերն անդրադարձել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին՝ ընդգծելով չիրացված մեծ ներուժը:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ